Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն

Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Էլ.հասցե:

[email protected]

Աշխատանքային ժամեր

Երկ-Շբթ: 8.30am - 7.00pm

“Կուրու” հիվանդությունը

Այս հիվանդությունը, որը հայտնաբերվել է քսաներորդ դարի սկզբին, արդարացիորեն համարվում է աշխարհի ամենահազվագյուտ հիվանդություններից մեկը և հանդիպում է առավելապես Նոր Գվինեայի բարձր լեռնային գոտիներում ապրող Ֆորե ցեղի աբորիգենների մոտ: ”Կուրու” բառը նրանց լեզվով երկու նշանակություն ունի` դող կամ փչացում, անպետքացում: Որոշ աղբյուրներում այն հիշատակվում է նաև որպես ”ծիծաղող մահ”, քանի որ ի թիվս այլ ախտանիշերի, երբեմն հիվանդի դեմքին գծագրվում է ձգված միմիկական ժպիտ, ինչպես փայտացման ժամանակ: Սակայն այդ եզրույթը տրվել է արևմտյան հոդվածագիրների կողմից. իրենք, ցեղի ներկայացուցիչները, այդ հիվանդությունը երբեք այդպես չեն անվանում:

Հիվանդությունը տարածվել է մարդակերության ծիսակատարումների միջոցով, երբ մասնակիցները ուտում էին նաև զոհի ուղեղը: Քսաներորդ դարի երկրորդ կեսից հանիբալիզմի վերացման հետ գրեթե վերացավ նաև կուրուն, սակայն երբեմն դրսևորվում է առանձին դեպքերում, քանի որ այդ հիվանդության ինկուբացիոն շրջանը տևում է մոտ հիսուն տարի: 1966-ից մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է կուրույի 11 դեպք:

Կուրու հիվանդության կլինիկական առանձնահատկությունները համեմատած մյուս պրիոնային հիվանդությունների հետ առավել սերտորեն վերաբերում են Կրեյցֆելդ-Յակոբի հիվանդությանը: Այս հիվանդության կլինիկական առանձնահատկությունները բաղկացած են վարքային, մտավոր, վերջութային և զգայական խանգարումներից: Ընդհանուր վաղ ախտանշանները ներառում են դեպրեսիա, անհանգստություն, անքնություն և պաթոլոգիկ անտարբերություն:

Հիվանդության առաջին շրջանում մարդը աստիճանաբար կորցնում է քայլելու ունակությունը, այնուհետև բոլոր շարժումները կտրուկ սահմանափակվում են, տեղի են ունենում մկանների ակամա կծկումներ, զարգանում է թուլամտություն:  

Այս սարսափելի հիվանդության ճշգրիտ պատճառը ոչ ոք չգիտի: Այն, որ փոխանցվում է հանիբալիզմի` մասնավորապես ուղեղ ուտելու միջոցով, ապացուցված է: Ծիսական հանիբալզիմի ընթացքում ամենավարակված մասը` ուղեղը, տալիս էին հիմնականում կանանց և երեխաներին, հետևաբար հիվանդության հարվածի տակ առավելապես նրանք էին:

Ենթադրվում է, որ հիվանդը վարակվում է պրիոն վիրուսով, սա հատուկ սպիտակուց է, որը ունի վիրուսի հատկություններ: Զուգահեռ զարգանում է սպունգանման էնցեֆալոպաթիա, այսինքն, ուղեղը աստիճանաբար փափկում ու քայքայվում  է այնպես, որ նմանվում է սպունգի:

Առաջին ախտանիշների հայտնվելուց հետո հիվանդությունը տևում է չորս ամսից մինչև երկու-երեք տարի և առանց բացառության բոլոր դեպքերում հանգեցնում է մահվան:

Այս հիվանդության բուժման արդյունավետ որևէ մեթոդ չկա: Բուժումն ուղղված է միայն ախտանիշների դրսևորումների թուլացմանը: Չկան նաև մշակված դիագնոստիկ թեստեր` կոնկրետ ախտորոշում կայացնելու համար:  Ճշգրիտ ախտորոշումը իրականում է միայն մահից հետո կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիական անալիզով:

Please follow and like us:
Աննա Թամրազյան

Leave a Reply